ՀՈՎՀԱՆՆԵՍ 5
5
Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը
1Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ գնաց։ 2Եվ Երուսաղեմում՝ Ոչխարների ավազանի՝ Պրոբատիկեի մուտքի մոտ, մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, որ հինգ սրահ ուներ։ 3Դրա մեջ պառկած էր հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների մի մեծ բազմություն, որ սպասում էին ջրերի խառնվելուն։ 4Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանն ու ջրերը խառնում. ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով։
5Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիվանդ էր։ 6Երբ Հիսուսը տեսավ, որ նա պառկած ընկած է, և իմացավ, որ դա երկար ժամանակ է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջանալ»։ 7Հիվանդը պատասխանեց նրան. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի. և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում»։ 8Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛»։ 9Եվ մարդն առողջացավ. վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս։ Օրը շաբաթ էր։ 10Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Օրը շաբաթ է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ»։ 11Բայց նա նրանց պատասխան տվեց և ասաց. «Ով ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ “Վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛”»։ 12Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ “Վերցրո՛ւ մահիճդ և շրջի՛ր”»։ 13Բժշկվածը չգիտեր, թե ո՛վ է նա, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այդտեղից։ 14Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։ 15Մարդը գնաց և հրեաներին պատմեց, որ Հիսուսն էր իրեն բժշկողը։
16Հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ։ 17Սակայն Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։ 18Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
Մարդու Որդու իշխանությունը
19Բայց Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է կատարում, որովհետև ինչ որ Հայրն է անում, նույնը նրա նման և Որդին է գործում։ 20Քանզի Հայրը սիրում է Որդուն, և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան. և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք. 21որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։ 22Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր Որդուն, 23որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։ 25Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր լսեն, կապրեն, 26որովհետև, ինչպես Հայրը կյանքի աղբյուր է, նույնպես և Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։ 27Եվ նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ Մարդու Որդին է։ 28Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում կլինեն, կլսեն նրա ձայնը 29և դուրս կգան. բարի գործեր կատարածները հարություն կառնեն կյանքի համար, իսկ չար գործեր արածները՝ դատաստանի համար։
30Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ դատում եմ, ինչպես լսում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց»։
Վկայություն Հիսուսի մասին
31«Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ։ 32Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. և դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։ 33Հովհաննեսի մոտ դո՛ւք մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը։ 34Բայց ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ այս ասում եմ, որ դուք փրկվեք։ 35Նա՛ էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։ 36Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինն է. այն գործերը, որոնք Հայրն ինձ տվեց, որ իրականացնեմ. այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ուղարկել ինձ։ 37Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել և ո՛չ էլ նրա երեսն եք տեսել։ 38Եվ ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետև ում նա ուղարկեց, դուք նրան չեք հավատում։ 39Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։ 40Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։ 41Ես մարդկանցից փառք չեմ ընդունում։ 42Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու սերը ձեր մեջ չունեք։ 43Ես եկա իմ Հոր անունով, և ինձ չեք ընդունում։ Իսկ եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ 44Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։ 45Մի՛ կարծեք, թե ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ։ Կա մեկը, որ իբրև ամբաստանող կկանգնի ձեր դեմ՝ Մովսե՛սը, որի վրա դուք հույս եք դրել։ 46Քանզի եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք նաև ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել. 47իսկ եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք»։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն