«Ուրեմն ինձ սպասե՛ք,- ասում է Տերը,- մինչև իմ վկայության կանգնելու օրը. որովհետև իմ վճիռն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության ամբողջ բորբոքումը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը։
Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար. Եթովպիայի գետերի այն կողմից ինձ թախանձողները՝ իմ ցրվածների դուստրը, ինձ ընծա պիտի բերեն։ Այդ օրը չպիտի ամաչես քո բոլոր արարքների համար, որոնցով իմ դեմ հանցանք գործեցիր, որովհետև այն ժամանակ քո միջից կհեռացնեմ քո հպարտությամբ զվարճացողներին, և մյուս անգամ այլևս չես գոռոզանա իմ սուրբ լեռան վրա։ Եվ քո մեջ մնացորդ պիտի թողնեմ մի խոնարհ և աղքատ ժողովրդի, և նրանք պիտի ապավինեն Տիրոջ անվանը. Իսրայելի մնացորդներն անօրենություն չեն անելու և սուտ չեն խոսելու, և նրանց բերանում խաբեության լեզու չի գտնվելու, որովհետև նրանք պիտի արածեն և մակաղեն, և վախեցնող չի լինի»։
Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր։ Տերը վերացրեց քո դատավճիռները. նա վռնդել է քո թշնամուն, Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, այլևս չարիք չես տեսնելու։
Այդ օրը Երուսաղեմին պիտի ասվի. «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոն, ձեռքերդ թող չթուլանան։ Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար»։ «Հանդիսավոր օրերից հեռու՝ տրտմածներին պիտի ժողովեմ, նրանք քեզանից են, ում վրա բեռ է նախատինքը։ Ահա ես այն ժամանակ պիտի վարվեմ քեզ բոլոր տառապեցնողների հետ և պիտի ազատեմ կաղին և պիտի ժողովեմ աքսորվածին և նրանց գովելի ու անվանի պիտի անեմ նրանց, ում նախատինքը բոլոր երկրներում էր։ Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ և այն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի և գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ որ ձեր գերությունը վերադարձնեմ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։