ԶԱՔԱՐԻԱ 6

6
Չորս կառքերի տեսիլքը
1Դարձյալ աչքերս բարձրացրի և տեսա, որ ահա չորս կառք է դուրս գալիս երկու սարերի մեջտեղից, և սարերը պղնձի սարեր էին։ 2Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։ 3Երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը բծավոր էին, բոսորագույն։ 4Եվ ես պատասխան տվեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։ 5Եվ հրեշտակը պատասխան տվեց ու ասաց ինձ. «Սրանք գալիս են ամբողջ երկրի Տիրոջ առաջ կանգնելուց, դեպի երկնքի չորս հողմերն են դուրս գալիս։ 6Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպի արևմուտք,#6.6 Բռց. դեպի հետ։ իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։ 7Եվ բոսորագույնները դուրս եկան և ձգտում էին գնալ ու շրջել երկրում։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրի վրա»։ Եվ նրանք շրջեցին երկրի վրա։ 8Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։
Մարգարեություն Հեսուի պսակադրման մասին
9Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 10«Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։ 11Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։ 12Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։ 13Եվ նա կկառուցի Տիրոջ տաճարը։ Նա մեծափառություն պիտի կրի և պիտի բազմի իր գահի վրա, պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև"”։
14Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։ 15Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։

Արդեն Ընտրված.

ԶԱՔԱՐԻԱ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում