ԶԱՔԱՐԻԱ 3:1-10

ԶԱՔԱՐԻԱ 3:1-10 ՆՎԱԱ

Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց սատանային. «Տերը թող հանդիմանի քեզ, ո՛վ սատանա, և թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի. մի՞թե սա կրակից ազատված խանձվողը չէ»։ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջ։ Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց իր առաջ կանգնածներին. «Հեռացրե՛ք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները»։ Իսկ նրան ասաց. «Տե՛ս, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը և քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ»։ Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։ Եվ Տիրոջ հրեշտակն ազդարարեց Հեսուին և ասաց. «Զորքերի Տերն այսպես է ասում. “Եթե իմ ճանապարհներով գնաս և եթե իմ ավանդը պահես, այն ժամանակ դու իմ տունը կդատես և իմ սրահները կհսկես, և ես քեզ այդ կանգնողների մեջ լինելը կտամ։ Հիմա լսի՛ր, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող պաշտոնակիցներդ, քանի որ նրանք իբրև նշան տրված մարդիկ են, որովհետև ես ահա բերելու եմ իմ ծառային՝ Շառավիղին։ Որովհետև ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ. մի քարի վրա յոթ աչք կա, ահա ես փորագրում եմ նրա գրերը,- ասում է Զորքերի Տերը,- և մեկ օրում պիտի վերացնեմ այս երկրի անօրենությունը։ Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- դուք յուրաքանչյուրդ կհրավիրեք ձեր ընկերոջը իր որթատունկի տակ և թզենու տակ”»։