ԶԱՔԱՐԻԱ 13:1-9

ԶԱՔԱՐԻԱ 13:1-9 ՆՎԱԱ

Այն օրը Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունից մաքրվելու համար։ «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։ Եվ եթե մի մարդ դարձյալ մարգարեանա, այն ժամանակ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, նրան պիտի ասեն. “Չպիտի ապրես, որովհետև Տիրոջ անունով սուտ ես խոսում”։ Եվ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, պիտի խոցեն նրան, երբ նա մարգարեանա։ Եվ այդ օրը մարգարեները մարգարեանալու ժամանակ ամեն մեկն իր տեսիլքից պիտի ամաչեն և խաբելու նպատակով մազոտ վերարկու չեն հագնելու։ Այլ պիտի ասի. “Ես մարգարե չեմ, ես մի երկրագործ մարդ եմ, որովհետև հողն է իմ ունեցվածքը իմ մանկությունից ի վեր”։ Եվ եթե նրան հարցնեն. “Այս ի՞նչ վերքեր են ձեռքերիդ մեջ”, նա ասելու է. “Այս հարվածները ես իմ բարեկամների տանն եմ ստացել”»։ «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և մարդու վրա, որ իմ ընկերն է,- ասում է Զորքերի Տերը,- հարվածի՛ր հովվին, և ոչխարները կցրվեն։ Եվ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»։ «Եվ ամբողջ երկրում,- ասում է Տերը,- երկու մասը պիտի կտրվի ու մեռնի, իսկ երրորդը պիտի մնա նրա մեջ։ Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ. ես կասեմ. “Իմ ժողովուրդն է”։ Եվ նրանք կասեն. “Տերը մեր Աստվածն է”»։