Այսպես է ասում իմ Տեր Աստվածը. «Արածեցրո՛ւ մորթվելու հոտը, որոնց գնողները նրանց մորթում են և հանցավոր չեն զգում. և որոնց ծախողներն ասում են. “Թող օրհնյալ լինի Տերը, որ հարստացա”. և նրանց հովիվները չեն գթալու իրենց։ Որովհետև այլևս չեմ գթալու երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես մարդկանց մեկին մյուսի ձեռքը պիտի մատնեմ, նաև՝ թագավորի ձեռքը։ Եվ նրանք պիտի կործանեն երկիրը, և նրանց ձեռքից չեմ ազատելու»։
Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։ Եվ մեկ ամսում ոչնչացրի երեք հովիվներին, որովհետև համբերությունս հատել էր նրանց հանդեպ, իսկ նրանք ինձանից էին զզվել։ Ուստի ասացի. «Ձեզ չեմ հովվելու, մեռնողը թող մեռնի, և կործանվողը կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն»։ Եվ ես վերցրի իմ գավազանը՝ Շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ։ Եվ այն խզվեց նույն օրը, և այսպես հոտի թշվառները, որոնք ինձ էին դիտում, ճանաչեցին, որ սա Տիրոջ խոսքն է։
Եվ ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է, տվե՛ք իմ վարձքը, իսկ եթե ոչ, հրաժարվե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձքը՝ երեսուն սիկղ արծաթ։ Եվ Տերն ինձ ասաց. «Դա նետի՛ր գանձարանը»։ Պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն երեսուն արծաթը և դրանք գցեցի Տիրոջ տունը՝ գանձարանի մեջ։ Եվ ես կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը, որպեսզի քանդեմ Հուդայի և Իսրայելի եղբայրությունը։
Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։ Որովհետև ես երկրի վրա ահա մի հովիվ եմ կանգնեցնելու։ Նա կորածին չպիտի խնամի և ցրվածին չպիտի որոնի և բեկվածին չպիտի բժշկի, առողջին չպիտի կերակրի, այլ պարարտների միսը պիտի ուտի և նրանց կճղակները հերձի։ Վա՜յ փուչ հովվին, որ լքում է հոտը. սո՜ւր նրա բազկին և նրա աջ աչքին. նրա բազուկն ամբողջովին պիտի չորանա, և նրա աջ աչքը բոլորովին պիտի խավարի»։