Տիտոսին 2:1-15

Տիտոսին 2:1-15 ՆՎԱԱ

Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։ Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հավատով, սիրով, համբերությամբ։ Նույնպես էլ ծեր կանայք թող լինեն սրբավայել, ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարի խրատ տվող, որպեսզի դեռատի կանանց խրատեն, որ լինեն այրասեր, որդեսեր, խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։ Նույն կերպ էլ երիտասարդների՛ն հորդորիր, որ խոհեմ լինեն ամեն ինչում՝ քեզ բարի գործերում օրինակ դարձնելով. ուսուցանելու մեջ պահի՛ր անեղծություն, պարկեշտություն, թող խոսքը լինի ողջամիտ, անառարկելի, որպեսզի հակառակորդն ամաչի՝ որևէ չար բան չունենալով ձեր դեմ խոսելու։ Թող ծառաներն իրենց տերերին ամեն ինչում հնազանդ լինեն, հաճոյանան նրանց և ոչ թե հակառակվեն։ Չգողանան, այլ կատարյալ բարիք և հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի մեր Փրկիչ Աստծու վարդապետությունը ամեն ինչով զարդարեն։ Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց. այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝ սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր։ Այս բաները խոսի՛ր ու հորդորի՛ր և ամենայն խստությամբ հանդիմանի՛ր. թող ոչ ոք քեզ չարհամարհի։