Տիտոսին 1:1-9

Տիտոսին 1:1-9 ՆՎԱԱ

Պողոսը՝ Աստծու ծառա և Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ կոչված Աստծու ընտրյալներին աստվածապաշտությամբ բերելու հավատի և ճշմարտության գիտությանը, հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված, բայց իր ժամանակին իր խոսքը հայտնեց քարոզությամբ, որ մեր Փրկիչ Աստծու հրամանով ինձ վստահվեց, Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ սիրելի որդուս. շնորհ և խաղաղություն Հայր Աստծուց ու Տեր Քրիստոս Հիսուսից՝ մեր Փրկչից։ Դրա համար քեզ Կրետեում թողեցի, որպեսզի պակաս բաները շտկես ու յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես ես քեզ պատվիրեցի։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է լինի անթերի, մեկ կնոջ ամուսին, հավատացյալ զավակներ ունենա, որոնց դեմ անառակության կամ անհնազանդության ամբաստանություն չլինի։ Որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծու տնտես. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ գինեմոլ, ո՛չ կռվարար, ո՛չ շահամոլ, այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել և հակառակվողներին հանդիմանել։