ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:1-13

ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:1-13 ՆՎԱԱ

Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կոշիկներով, ո՛վ ազնվականի դուստր։ Քո ազդրերի կորությունը նման է մանյակի՝ շինված հմուտ վարպետի ձեռքով։ Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս խառը գինուց, քո փորը՝ ցորենի շեղջ՝ պատված շուշանով։ Զույգ ստինքներդ նման են զույգ ձագերի, մի այծյամի ծնած երկվորյակների։ Պարանոցդ՝ փղոսկրե աշտարակի պես, աչքերդ՝ ավազանների պես Եսեբոնի Բաթ-Րաբբիմի դռան մոտ, քիթդ՝ Լիբանանի աշտարակի նման, որ դեպի Դամասկոս է նայում։ Գլուխդ՝ քեզ վրա, Կարմեղոսին է նման, իսկ գլխիդ մազերը՝ ծիրանու նման. թագավորը տարված է քո խոպոպներով։ Ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ վայելուչ ես, ո՛վ իմ ցանկալի սիրուհի։ Քո այդ հասակը նման է արմավենու, իսկ ստինքներդ՝ ողկույզների։ Ասացի. «Արմավենու վրա ելնեմ, բռնեմ նրա ճյուղերը»։ Եվ քո ստինքները որթատունկի ողկույզների պես լինեին, իսկ ռունգերիդ հոտը՝ խնձորենիների հոտի պես։ Եվ քիմքդ՝ նման ազնիվ գինու, որ հոսում է իմ սիրեկանի համար, որ հոսում է իմ շրթունքների և ատամների վրա։ Ես իմ սիրեկանինն եմ, և նա էլ ինձ է ցանկանում։ Արի՛, ի՛մ սիրեկան, դուրս գանք դեպի դաշտը, օթևանենք գյուղերում։ Առավոտ կանուխ այգիները գնանք, տեսնենք՝ որթատունկը ծլարձակե՞լ է, կոկոնը բացվե՞լ է, նռնենիները ծաղկե՞լ են. այնտեղ սերս քեզ եմ տալու։ Մանրագորները բուրում են, և մեր դռների առաջ ամեն տեսակ ընտիր պտուղներ կան՝ թե՛ նոր և թե՛ հին, ո՛վ իմ սիրեկան, քեզ համար եմ պահել։