ՀՌՈՒԹ 3:1-13

ՀՌՈՒԹ 3:1-13 ՆՎԱԱ

Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասաց. «Աղջի՛կս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ լավ լինի քեզ համար։ Ահա Բոոսը մեր ազգականներից է, որի աղջիկների մոտ էիր։ Ահա նա այս գիշեր կալում գարի է կալսում։ Եվ դու լվացվի՛ր ու յուղով օծվի՛ր, հագուստներդ հագի՛ր և իջի՛ր կալը, բայց մի՛ հայտնվիր այդ մարդուն, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։ Եվ երբ գնա քնելու, իմացի՛ր նրա պառկած տեղը և գնա՛, ծածկոցը բա՛ց նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. և նա քեզ կիմացնի, թե ինչ պիտի անես»։ Հռութը նրան ասաց. «Ամենը, ինչ որ ասել ես ինձ, կանեմ»։ Նա իջավ կալը և ամեն ինչ արեց իր սկեսուրի պատվիրածի պես։ Բոոսը կերավ ու խմեց, և սիրտը զվարթացավ, ու գնաց պառկելու դիզված գարու մոտ. Հռութը կամացուկ գնաց և ծածկոցը նրա ոտքերի կողմից բացեց ու պառկեց։ Եվ կեսգիշերին մարդը վախեցավ, թեքվեց ու տեսավ, որ իր ոտքերի մոտ մի կին էր պառկել։ Եվ ասաց. «Դու ո՞վ ես»։ Եվ կինն ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ. քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։ Նա էլ ասաց. «Օրհնյալ լինես դու Տիրոջից, աղջի՛կս, քո վերջին լավությունը մեծ է առաջինից, որովհետև դու չգնացիր ո՛չ աղքատ և ո՛չ էլ հարուստ երիտասարդների ետևից։ Եվ հիմա, աղջի՛կս, մի՛ վախենա, դու ինչ որ ասես ինձ, կանեմ քեզ համար, որովհետև այս քաղաքի ամբողջ ժողովուրդը գիտի, որ դու առաքինի կին ես։ Հիմա, արդարև, ես քո ազգականն եմ, բայց ինձնից ավելի մոտ ազգական էլ կա։ Այս գիշեր այստե՛ղ կաց, և եթե առավոտը նա իր ազգականության պարտավորությունը հատուցել ուզի, լավ, թող հատուցի, բայց եթե նա չուզի ազգականության պարտավորությունը հատուցել քեզ, այն ժամանակ ես կհատուցեմ, կենդանի է Տերը. մինչև առավոտ պառկի՛ր այստեղ»։