Հռոմեացիներին 8:1-39

Հռոմեացիներին 8:1-39 ՆՎԱԱ

Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։ Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։ Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։ Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեց այն հույսով, որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։ Եվ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրությանը, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը, որովհետև այս հույսով փրկվեցինք. բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։ Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։ Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։ Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։ Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։ Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։ Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։ Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» ։ Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։

Հռոմեացիներին 8:1-39 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր