Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։ Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։ Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։