Հռոմեացիներին 6:1-14

Հռոմեացիներին 6:1-14 ՆՎԱԱ

Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։ Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։ Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։