Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։ Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ, որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։