Հռոմեացիներին 4:13-25

Հռոմեացիներին 4:13-25 ՆՎԱԱ

Հիրավի Աբրահամին կամ նրա սերնդին աշխարհի ժառանգորդը լինելու խոստումը եղավ ոչ թե օրենքով, այլ հավատի արդարությամբ։ Որովհետև եթե ժառանգները օրենքի վրա հիմնվողներն են, ապա հավատն ունայն կլիներ, իսկ խոստումը կդրժվեր։ Որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։ Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է, ինչպես որ գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» ։ Եվ դա Աստծու առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենդանացնում է և չեղած բաները գոյության կոչում։ Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» ։ Եվ հավատի մեջ չթուլացավ՝ իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր՝ գրեթե հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։ Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։ Դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ Բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել, այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։