Հռոմեացիներին 4:1-25

Հռոմեացիներին 4:1-25 ՆՎԱԱ

Արդ ի՞նչ ասենք մեր նախահոր՝ Աբրահամի մասին. ի՞նչ ձեռք բերեց նա ըստ մարմնի։ Որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ, պարծենալու բան կունենար, բայց ո՛չ Աստծու առաջ։ Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան» ։ Բայց ով գործ է անում, վարձը նրան շնորհ չի համարվում, այլ պարտք։ Իսկ ով գործ չի անում, այլ հավատում է նրան, ով ամբարիշտին արդարացնում է, նրա հավատն արդարություն է համարվում։ Այդպես էլ Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված, անկախ գործերից, արդար է համարում. «Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին, և որոնց մեղքերը ծածկվեցին։ Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը հաշվի չի առնի» ։ Արդ այս երանությունը թլփատությա՞նն է վերաբերում, թե՞ անթլփատությանն էլ. որովհետև ասում ենք. «Աբրահամի հավատն արդարություն համարվեց»։ Արդ ինչպե՞ս համարվեց. թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ առաջ. ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատության վիճակում։ Եվ թլփատության նշանն ընդունեց իբրև այն հավատի արդարության կնիք, երբ անթլփատ էր, որպեսզի նա հայր լիներ այն բոլոր հավատացյալներին, որոնք անթլփատությունից են, որպեսզի նրանց էլ արդարություն համարվի։ Եվ թլփատության հայր լինի ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատ ժամանակ ուներ։ Հիրավի Աբրահամին կամ նրա սերնդին աշխարհի ժառանգորդը լինելու խոստումը եղավ ոչ թե օրենքով, այլ հավատի արդարությամբ։ Որովհետև եթե ժառանգները օրենքի վրա հիմնվողներն են, ապա հավատն ունայն կլիներ, իսկ խոստումը կդրժվեր։ Որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։ Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է, ինչպես որ գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» ։ Եվ դա Աստծու առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենդանացնում է և չեղած բաները գոյության կոչում։ Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» ։ Եվ հավատի մեջ չթուլացավ՝ իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր՝ գրեթե հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։ Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։ Դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ Բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել, այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։

Հռոմեացիներին 4:1-25 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում