Հռոմեացիներին 14:1-23

Հռոմեացիներին 14:1-23 ՆՎԱԱ

Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք՝ առանց նրա կարծիքները քննադատելու։ Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։ Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։ Մեկը օրն օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում. ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի։ Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և Աստծուն գոհություն հայտնում, իսկ ով չի ուտում, Տիրոջ համա՛ր չի ուտում և Աստծուն գոհություն հայտնում։ Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում, և ոչ ոք ինքն իր համար չի մեռնում։ Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք։ Հենց դրա համար Քրիստոսը մեռավ ու կենդանացավ, որ մեռածների և կենդանիների վրա տիրի։ Բայց դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում կամ ինչո՞ւ ես քո եղբորն անարգում. որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու։ Որովհետև գրված է. «Ես կենդանի եմ,- ասում է Տերը,- ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի, և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի» ։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա։ Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։ Գիտեմ և համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ. միայն ով մի բան պիղծ է համարում, իր համար է պիղծ։ Եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտմում է, ուրեմն դու նրա հետ այլևս սիրով չես վարվում. քո ուտելիքով կորստյան մի՛ մատնիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։ Ձեր բարին թող չչարախոսվի։ Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց՝ գովելի։ Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։ Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որը գայթակղության պատճառ դառնալով է ուտում։ Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել ու ո՛չ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։ Դու, որ հավատ ունես, քեզ համա՛ր ունեցիր Աստծու առաջ։ Երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկում։ Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի, դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։