Հռոմեացիներին 13:1-14

Հռոմեացիներին 13:1-14 ՆՎԱԱ

Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եղած իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Ուրեմն իշխանությանը հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում։ Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս, որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։ Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար ևս։ Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են այդ բանը հոգալու համար։ Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։ Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։ Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» ։ Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է։ Ժամանակի հետ կապված՝ սա՛ էլ իմացեք. արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։ Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։ Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի՛ հոգացեք ցանկությունը բավարարելու համար։