Հռոմեացիներին 1:18-32

Հռոմեացիներին 1:18-32 ՆՎԱԱ

Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։ Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, և նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։ Նույն կերպ էլ արուները, էգերի հետ բնական հարաբերությունը թողած, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին անում և փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ՝ պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով. չարախոսներ, բամբասողներ, աստվածատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ Նրանք, իմանալով Աստծու արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։