Հռոմեացիներին 1:1-17

Հռոմեացիներին 1:1-17 ՆՎԱԱ

Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառա, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծու Ավետարանը, որ Սուրբ Գրքում Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացել էր իր Որդու մասին, որ մարմնով սերում էր Դավթի սերնդից, ըստ Սուրբ Հոգու Աստծու Որդի էր սահմանված՝ զորությամբ մեռելներից հարություն առնելով. մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նրա միջոցով ստացանք շնորհ՝ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։ Դուք էլ եք նրանցից, քանի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը. Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։ Նախ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում։ Որովհետև վկա է ինձ Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, թե ինչպե՛ս եմ անդադար հիշում ձեզ՝ ամեն ժամ իմ աղոթքներում աղաչելով, որ գուցե ինձ երբևէ հաջողվի մի անգամ Աստծու կամքով ձեզ մոտ գալ։ Որովհետև շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ հոգևոր մի շնորհ մատուցեմ ձեզ ամրացնելու համար, այսինքն՝ որպեսզի ձեզ հետ և ձեզ մոտ սփոփվեմ մեր՝ իմ և ձեր միասնական հավատի միջոցով։ Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ (թեև մինչև հիմա արգելքներ եղան), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ։ Ես պարտական եմ հույներին ու բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին, ուստի հոժար եմ ձեզ էլ, որ Հռոմում եք, իմ կարողության չափով ավետարանելու։ Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար. նախ՝ հրեայի, ապա՝ նաև հույնի։ Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» ։

Հռոմեացիներին 1:1-17 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր