Հայտնություն 5:6-14

Հայտնություն 5:6-14 ՆՎԱԱ

Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար, որ յոթ եղջյուր ուներ ու յոթ աչք, որոնք Աստծու յոթ Հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով։ Նա եկավ ու վերցրեց գիրքը գահի վրա նստողի աջ ձեռքից։ Երբ գիրքը վերցրեց, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ. և յուրաքանչյուրն ուներ քնար ու խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են։ Եվ նոր երգ էին երգում ու ասում. «Արժանի ես այդ գիրքը վերցնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։ Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։ Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր։ Նրանք բարձրաձայն ասում էին. «Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն»։ Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. «Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխանություն հավիտյանս հավիտենից»։ Եվ չորս կենդանիներն ասում էին՝ ամեն։ Եվ քսանչորս երեցներն ընկան ու երկրպագություն արեցին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում