Հայտնություն 5:1-10

Հայտնություն 5:1-10 ՆՎԱԱ

Գահի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք տեսա, որ ներսից ու դրսից գրված էր և յոթ կնիքով կնքված։ Մի զորավոր հրեշտակի տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. «Ո՞վ է արժանի այս գիրքը բացելու և նրա կնիքները քանդելու». ոչ ոք՝ ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար այդ գիրքը բացել և ոչ էլ նրա մեջ նայել։ Ես ուժգին լալիս էի, որովհետև չգտնվեց արժանի մեկը, որ գիրքը բանա և նույնիսկ նրա մեջ նայի։ Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։ Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար, որ յոթ եղջյուր ուներ ու յոթ աչք, որոնք Աստծու յոթ Հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով։ Նա եկավ ու վերցրեց գիրքը գահի վրա նստողի աջ ձեռքից։ Երբ գիրքը վերցրեց, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ. և յուրաքանչյուրն ուներ քնար ու խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են։ Եվ նոր երգ էին երգում ու ասում. «Արժանի ես այդ գիրքը վերցնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։ Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։