Հայտնություն 22:1-21

Հայտնություն 22:1-21 ՆՎԱԱ

Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը՝ փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու Գառան գահից։ Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։ Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։ Եվ տեսնելու են նրա երեսը, և նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։ Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ Եվ ինձ ասաց. «Այս խոսքերը հավաստի և ճշմարիտ են։ Տերը՝ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտակին, որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պիտի լինի»։ «Ահա շուտով պիտի գամ. երանի՜ նրան, ով պահում է այս գրքի մարգարեության խոսքերը»։ Եվ ես՝ Հովհաննեսս, այս բաները լսողն ու տեսնողը, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջ, որ այս բաները ցույց էր տալիս ինձ։ Եվ նա ինձ ասաց. «Զգուշացի՛ր, մի՛ արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողներին. Աստծո՛ւն երկրպագիր»։ Եվ ինձ ասաց. «Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, որովհետև ժամանակը մոտ է։ Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։ Ահա շուտով պիտի գամ, և իմ վարձը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ։ Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը»։ Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա և քաղաքի դռնով ներս մտնելու։ Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։ «Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բաները վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես եմ Դավթի արմատն ու սերունդը և առավոտյան փայլող աստղը»։ Հոգին ու հարսն ասում են. «Արի՛»։ Լսողը ևս ասում է. «Արի՛։ Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը»։ Ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում։ Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կենաց ծառից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից։ Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով պիտի գամ»։ Ամե՛ն։ Արի՛, Տե՛ր Հիսուս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամե՛ն։