Հայտնություն 21:1-27

Հայտնություն 21:1-27 ՆՎԱԱ

Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա։ Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։ Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ասաց. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են»։ Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։ Հաղթողն է դա ժառանգելու. ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։ Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։ Եվ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք վերջին յոթ պատուհասներով լի յոթ գավաթներն ունեին։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»։ Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։ Նա Աստծու փառքն ուներ, և նրա լուսավորությունը թանկարժեք քարի էր նման, ինչպես բյուրեղյա հասպիսը։ Նա ուներ մեծ ու բարձր պարիսպ, տասներկու դռներ և դռների վրա՝ տասներկու հրեշտակներ և նրանց գրված անունները, որոնք Իսրայելի տասներկու ցեղերի անուններն են։ Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։ Քաղաքի պարիսպը տասներկու հիմքեր ուներ, դրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։ Ինձ հետ խոսողը մի ոսկե եղեգյա երիզաչափ ուներ, որպեսզի չափեր քաղաքը, նրա դռներն ու պարիսպները։ Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունը հավասար էր լայնությանը։ Եվ չափեց քաղաքը եղեգով՝ տասներկու հազար ասպարեզ. նրա երկարությունը, լայնությունը և բարձրությունը հավասար էին։ Չափեց նրա պարիսպը՝ հարյուր քառասունչորս կանգուն, մարդու չափով, որ գործածում էր հրեշտակը։ Եվ նրա պարսպի շինվածքը հասպիսից էր։ Քաղաքը մաքուր ոսկի էր, մաքուր ապակու նման։ Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին ամեն տեսակ թանկարժեք քարերով. առաջին հիմքը՝ հասպիս, երկրորդը՝ շափյուղա, երրորդը՝ ագաթ, չորրորդը՝ զմրուխտ, հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, յոթերորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բյուրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ ոսկեկանաչ, տասնմեկերորդը՝ հակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ։ Եվ տասներկու դռները՝ տասներկու մարգարիտներից, յուրաքանչյուր դուռը՝ մեկ մարգարիտից. քաղաքի հրապարակը՝ մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի։ Եվ նրա մեջ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը։ Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը։ Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, և երկրի թագավորներն իրենց փառքը նրան են բերելու։ Նրա դռները ցերեկը չեն փակվելու, որովհետև այնտեղ գիշեր չի լինելու։ Եվ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ են բերվելու։ Եվ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն և ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կենաց գրքում։