Հայտնություն 20:4-15

Հայտնություն 20:4-15 ՆՎԱԱ

Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։ Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։ Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։ Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։ Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց, իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։ Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։ Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։ Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։