Հայտնություն 2:8-17

Հայտնություն 2:8-17 ՆՎԱԱ

«Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Առաջինն ու Վերջինը, որ մեռավ և կենդանացավ. "Գիտեմ քո նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Նաև հայհոյությունը նրանց, ովքեր իրենց կոչում են հրեա, բայց այլ բան չեն, քան սատանայի ժողովարան։ Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տասն օր նեղություն եք ունենալու։ Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողը երկրորդ մահից չպիտի վնասվի"»։ «Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում նա, որ սրած երկսայրի սուր ունի. "Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։ Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ՝ այն, որ այդտեղ պահում ես Բաղաամի վարդապետությանը հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն և պոռնկություն անեն։ Նույն կերպ էլ դու պահում ես նիկոլայականների վարդապետությանը հետևողներին։ Ապաշխարի՛ր. եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ իմ բերանի սրով։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թաքցված մանանայից կտամ՝ ուտի, և կտամ նրան սպիտակ ընտրաքար և դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից"»։