Հայտնություն 19:6-21

Հայտնություն 19:6-21 ՆՎԱԱ

Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. «Ալելո՛ւիա, որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։ Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։ Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. "Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները"»։ Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»։ Ես նրա ոտքերի առաջ ընկա, որպեսզի երկրպագեմ նրան, իսկ նա ինձ ասաց. «Զգո՛ւյշ եղիր, մի՛ արա, ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն։ Տեր Աստծո՛ւն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»։ Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից։ Հագել էր արյունով ներկված զգեստ. նրա անունն էր «Բան Աստծու»։ Եվ երկնային զորությունները, սպիտակ և մաքուր բեհեզ հագած, սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի. և նրանց հովվում է երկաթե գավազանով։ Նա է տրորում Ամենակալ Աստծու ահեղ բարկության գինու հնձանը։ Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»։ Տեսա մի ուրիշ հրեշտակի, որ կանգնած էր արեգակի վրա։ Նա բարձրաձայն աղաղակեց՝ ասելով երկնքում թռչող բոլոր թռչուններին. «Եկե՛ք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին, որպեսզի ուտեք մարմինները թագավորների, հազարապետների, հզորների, ձիերի ու նրանց վրա նստողների, և բոլորի մարմինները՝ ազատների և ծառաների, մեծերի և փոքրերի»։ Տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին հավաքված՝ պատերազմելու ձիու վրա նստողի և նրա զորքերի դեմ։ Եվ բռնվեց գազանը, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր գազանի դրոշմն ընդունեցին, և նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին։ Նրանց երկուսին էլ ողջ-ողջ ծծմբով այրվող կրակի լճի մեջ գցեցին։ Իսկ մնացածները սպանվեցին ձիու վրա նստողի սրով, որ նրա բերանից էր ելնում։ Եվ բոլոր թռչունները նրանց մարմիններից կշտացան։