Հայտնություն 19:1-7

Հայտնություն 19:1-7 ՆՎԱԱ

Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր. «Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն, որովհետև նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են, որովհետև նա դատեց մեծ պոռնիկին, որ ապականեց երկիրը իր պոռնկության մեջ և իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց »։ Եվ երկրորդ անգամ ասացին. «Ալելո՛ւիա»։ Եվ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։ Եվ ընկան քսանչորս երեցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին Աստծուն, որ նստած էր գահին, ու ասացին. «Ամե՛ն, ալելո՛ւիա»։ Եվ գահից մի ձայն ելավ՝ ասելով. «Օրհնեցե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛ր ու նրանից երկյուղողնե՛ր, փոքրե՛ր ու մեծե՛ր»։ Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. «Ալելո՛ւիա, որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։ Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։