Հայտնություն 19:1-10

Հայտնություն 19:1-10 ՆՎԱԱ

Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր. «Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն, որովհետև նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են, որովհետև նա դատեց մեծ պոռնիկին, որ ապականեց երկիրը իր պոռնկության մեջ և իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց »։ Եվ երկրորդ անգամ ասացին. «Ալելո՛ւիա»։ Եվ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։ Եվ ընկան քսանչորս երեցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին Աստծուն, որ նստած էր գահին, ու ասացին. «Ամե՛ն, ալելո՛ւիա»։ Եվ գահից մի ձայն ելավ՝ ասելով. «Օրհնեցե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛ր ու նրանից երկյուղողնե՛ր, փոքրե՛ր ու մեծե՛ր»։ Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. «Ալելո՛ւիա, որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։ Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։ Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. "Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները"»։ Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»։ Ես նրա ոտքերի առաջ ընկա, որպեսզի երկրպագեմ նրան, իսկ նա ինձ ասաց. «Զգո՛ւյշ եղիր, մի՛ արա, ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն։ Տեր Աստծո՛ւն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում