Հայտնություն 18:4-24

Հայտնություն 18:4-24 ՆՎԱԱ

Երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. «Դո՛ւրս ելեք դրա միջից, իմ ժողովո՛ւրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասները չընդունեք, որովհետև դրա մեղքերը կուտակվեցին մինչև երկինք, և Աստված դրա անիրավությունները հիշեց։ Հատուցե՛ք դրան, ինչպես դա ձեզ հատուցեց, և նրան իր գործերի չափով կրկնապատի՛կը տվեք։ Այն բաժակով, որ նա լցրեց, նրան կրկնապատի՛կ լցրեք։ Որքան իրեն փառավորեց ու զեխացավ, այնքան տանջանք և սո՛ւգ տվեք նրան, որովհետև նա իր սրտում ասում է. "Թագուհի եմ նստել, այրի չեմ և բնավ սուգ չեմ տեսնի"։ Դրա համար մեկ օրում նրա վրա կգան իր պատուհասները՝ մահ, սուգ և սով, և կրակով պիտի այրվի, որովհետև զորավոր է Տերը՝ Աստված՝ նրան դատապարտողը։ Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք նրա հետ պոռնկացան և զեխություն արեցին։ Երբ նրա այրվելու ծուխը տեսնեն, նրա տանջանքի վախից հեռու կանգնած՝ կասեն. "Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղա՛ք Բաբելոն, հզո՛ր քաղաք, որ դատաստանդ մեկ ժամում հասավ"։ Եվ երկրի վաճառականները նրա վրա ողբ և սուգ պիտի անեն, որովհետև այլևս ոչ ոք չի գնելու իրենց ապրանքը՝ ոսկին և արծաթը, թանկարժեք քարերը և մարգարիտը, բեհեզը և ծիրանին, մետաքսը և որդան կարմիրը, խնկե ամեն տեսակ փայտ և փղոսկրյա ամեն անոթ, ամեն ազնիվ փայտից ու պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված անոթ, դարչին, խունկեր, յուղ, կնդրուկ, գինի, ձեթ, ալյուր, ցորեն, արջառներ, ոչխարներ, ձիեր և կառքեր, մարմիններ և մարդկային կյանքեր։ Եվ հոգուդ ցանկալի պտուղները քեզանից հեռացան, ինչպես և ամեն պարարտություն և լուսափայլ վայելչություն, և դրանք այլևս չես գտնելու։ Վաճառականները, որոնք դրանցով հարստացան, կկանգնեն հեռվում՝ նրա տանջանքի երկյուղից լաց ու սուգ անելով, կասեն. "Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի ու որդան կարմիր և զարդարվել ոսկով, պատվական քարերով ու մարգարտով, որովհետև մեկ ժամում այդքան հարստությունն ավերակ դարձավ"։ Ու ամեն նավավար և բոլոր նրանք, ովքեր ծովում են աշխատում, հեռվում կանգնեցին և նրա այրվելու ծուխը տեսնելով՝ աղաղակում էին և ասում. "Ո՞ր քաղաքն էր այս մեծ քաղաքին նման"։ Եվ իրենց գլուխներին հող էին ցանում և լաց ու սուգ անելով՝ մեծաձայն աղաղակում ու ասում. "Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որով հարստացան ծովի վրա բոլոր մեծ նավեր ունեցողները, որովհետև մեկ ժամում ավերակ դարձավ"։ Ուրախացե՛ք նրա վրա, երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարեներ, որովհետև Աստված ձեր դատաստանն արեց դրա դեմ»։ Եվ մի հզոր հրեշտակ երկանաքարի պես մի մեծ քար վերցրեց ու ծովի մեջ գցեց՝ ասելով. «Այսպիսի հարձակումով պիտի ընկնի Բաբելոն մեծ քաղաքը ու այլևս գոյություն չպիտի ունենա։ Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների ու փողահարների ձայնն այլևս քո մեջ չպիտի լսվի, և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի, ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։ Ճրագի լույսն այլևս չպիտի փայլի քո մեջ. փեսայի և հարսի ձայնն այլևս քո մեջ բնավ չպիտի լսվի, որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին։ Որովհետև քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։ Եվ քո մեջ գտնվեց արյունը մարգարեների, սրբերի և երկրի վրա մորթված բոլոր մարդկանց»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում