Հայտնություն 17:5-18

Հայտնություն 17:5-18 ՆՎԱԱ

Եվ նրա ճակատին խորհրդավոր մի անուն էր գրված՝ «Մեծ Բաբելոն՝ մայրը պոռնիկների և երկրի գարշելիների»։ Տեսա այդ կնոջը՝ սրբերի ու Հիսուսի վկաների արյունով արբած։ Երբ նրան տեսա, մեծապես զարմացա։ Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար։ Ես քեզ կասեմ խորհուրդը այդ կնոջ և նրան իր վրա կրող գազանի, որ յոթ գլուխ ունի և տասը եղջյուր։ Գազանը, որին տեսար, որ կար և այժմ չկա, ելնելու է անդունդից և դեպի կորուստ է գնալու։ Եվ պիտի զարմանան երկրի վրայի այն բնակիչները, որոնց անուններն աշխարհի սկզբից ի վեր գրված չեն կյանքի գրքում, երբ տեսնեն այդ գազանին, որ կար և այժմ չկա, բայց վերստին գալու է։ Այստեղ իմաստուն միտք պետք է ունենալ. յոթ գլուխները յոթ լեռներն են, որոնց վրա կինը նստել է, ինչպես նաև յոթ թագավորներն են. նրանցից հինգն ընկան, և մեկը թագավորում է, իսկ մյուսը դեռ չի եկել, և երբ գա, քիչ ժամանակ պետք է մնա։ Եվ այն գազանը, որ կար ու չկա, ութերորդ թագավորն է, բայց այն յոթից է և դեպի կորստյան է գնալու։ Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ որպես թագավոր մեկ ժամ իշխանություն պիտի ստանան։ Սրանք միակարծիք են. իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։ Սրանք պատերազմելու են Գառան հետ, և Գառը հաղթելու է նրանց, որովհետև տերերի Տերն է ու թագավորների Թագավորը։ Եվ ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։ Եվ ինձ ասաց. «Ջրերը, որ տեսար, որտեղ պոռնիկը նստած է, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։ Տասը եղջյուրները, որ տեսար, և գազանը, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի նրան ամայացնեն, մերկացնեն, նրա մարմինը պիտի ուտեն և կրակով այրեն նրան, քանի որ Աստված նրանց սրտերի մեջ դրեց, որ իր կամքը կատարեն, միակարծիք լինեն և իրենց թագավորությունը գազանին տան, մինչև որ Աստծու խոսքերը կատարվեն։ Եվ կինը, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորում է երկրի թագավորների վրա»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում