Հայտնություն 17

17
Կարմիր գազանի վրա նստած կինը
1Եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ շատ ջրերի վրա է նստում։ 2Նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ երկրի բնակիչները նրա պոռնկության գինուց հարբեցին»։ 3Եվ ինձ հոգով առաջնորդեց մի անապատ, ու տեսա կարմիր գազանի վրա նստած մի կնոջ, որ լի էր հայհոյության անուններով և ուներ յոթ գլուխ ու տասը եղջյուր։ 4Կինը հագել էր ծիրանի ու կարմիր զգեստ և զարդարվել էր ոսկով, թանկագին քարերով ու մարգարիտներով։ Նա ձեռքին մի ոսկե բաժակ ուներ՝ լի գարշանքով և պոռնկության պղծությամբ։ 5Եվ նրա ճակատին խորհրդավոր մի անուն էր գրված՝ «Մեծ Բաբելոն՝ մայրը պոռնիկների և երկրի գարշելիների»։ 6Տեսա այդ կնոջը՝ սրբերի ու Հիսուսի վկաների արյունով արբած։
Երբ նրան տեսա, մեծապես զարմացա։ 7Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար։ Ես քեզ կասեմ խորհուրդը այդ կնոջ և նրան իր վրա կրող գազանի, որ յոթ գլուխ ունի և տասը եղջյուր։
Գազանի և պոռնիկի իմաստը
8Գազանը, որին տեսար, որ կար և այժմ չկա, ելնելու է անդունդից և դեպի կորուստ է գնալու։ Եվ պիտի զարմանան երկրի վրայի այն բնակիչները, որոնց անուններն աշխարհի սկզբից ի վեր գրված չեն կյանքի գրքում, երբ տեսնեն այդ գազանին, որ կար և այժմ չկա, բայց վերստին գալու է։ 9Այստեղ իմաստուն միտք պետք է ունենալ. յոթ գլուխները յոթ լեռներն են, որոնց վրա կինը նստել է, ինչպես նաև յոթ թագավորներն են. 10նրանցից հինգն ընկան, և մեկը թագավորում է, իսկ մյուսը դեռ չի եկել, և երբ գա, քիչ ժամանակ պետք է մնա։ 11Եվ այն գազանը, որ կար ու չկա, ութերորդ թագավորն է, բայց այն յոթից է և դեպի կորստյան է գնալու։ 12Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ որպես թագավոր մեկ ժամ իշխանություն պիտի ստանան։ 13Սրանք միակարծիք են. իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։ 14Սրանք պատերազմելու են Գառան հետ, և Գառը հաղթելու է նրանց, որովհետև տերերի Տերն է ու թագավորների Թագավորը։ Եվ ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։
15Եվ ինձ ասաց. «Ջրերը, որ տեսար, որտեղ պոռնիկը նստած է, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։ 16Տասը եղջյուրները, որ տեսար, և գազանը, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի նրան ամայացնեն, մերկացնեն, նրա մարմինը պիտի ուտեն և կրակով այրեն նրան, 17քանի որ Աստված նրանց սրտերի մեջ դրեց, որ իր կամքը կատարեն, միակարծիք լինեն և իրենց թագավորությունը գազանին տան, մինչև որ Աստծու խոսքերը կատարվեն։ 18Եվ կինը, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորում է երկրի թագավորների վրա»։

Արդեն Ընտրված.

Հայտնություն 17: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք