Հայտնություն 16:8-21

Հայտնություն 16:8-21 ՆՎԱԱ

Չորրորդը իր գավաթն արևի վրա թափեց։ Եվ նրան իշխանություն տրվեց, որ կրակով խորշակահար անի մարդկանց։ Եվ մարդիկ սաստիկ տապից խորշակահար եղան ու Աստծու անվանը հայհոյեցին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի, սակայն չապաշխարեցին, որպեսզի նրան փառք տան։ Հինգերորդն իր գավաթը գազանի գահի վրա թափեց, և նրա թագավորությունը խավար դարձավ, և ցավից կծում էին իրենց լեզուները։ Եվ երկնքի Աստծուն իրենց ցավերի ու պալարների պատճառով հայհոյում էին և իրենց գործերի համար չէին ապաշխարում։ Վեցերորդն իր գավաթը թափեց մեծ գետի՝ Եփրատի վրա, և նրա ջուրը ցամաքեց, որպեսզի Արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի։ Եվ տեսա՝ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից երեք պիղծ ոգիներ էին ելնում՝ նման գորտերի։ Քանի որ նրանք դևերի ոգիներ են, նշաններ գործելիս գնում են ամբողջ աշխարհի թագավորների մոտ, որպեսզի նրանց պատերազմի հավաքեն Ամենակալ Աստծու այն մեծ օրվա համար։ «Ահա գալիս եմ, ինչպես գողը. երանի՜ նրան, ով արթուն է և պահում է իր զգեստները, որ մերկ ման չգա, ու նրա ամոթանքը չտեսնեն»։ Եվ նրանց հավաքեցին այնտեղ, որ եբրայերեն Արմագեդոն է կոչվում։ Յոթերորդն իր գավաթն օդի մեջ թափեց, և տաճարից ու գահից բարձր ձայն ելավ, որ ասում էր. «Եղա՛վ»։ Եվ եղան ձայներ, փայլատակումներ և որոտներ, ու մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չէր եղել երկրի վրա մարդու ստեղծվելուց ի վեր։ Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, և ազգերի քաղաքներն ընկան։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, որպեսզի իր ցասման թունդ գինու բաժակը նրան տա։ Եվ բոլոր կղզիները փախան, և լեռներ չգտնվեցին։ Եվ երկնքից մարդկանց վրա խոշոր՝ մեկ տաղանդաչափ կարկուտ էր թափվում։ Եվ մարդիկ հայհոյեցին Աստծուն այդ կարկտի հարվածի համար, որովհետև նրա պատուհասը սաստիկ մեծ էր։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում