Հայտնություն 12

12
Կինը և վիշապը
1Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արևով պարուրված, լուսինն էլ իր ոտքերի տակ և իր գլխին տասներկու աստղերով պսակ։ 2Նա, հղի լինելով, աղաղակում էր երկունքի ցավերից և տառապանքից, որ ծներ։
3Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։ 4Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի մեկ երրորդ մասը և երկրի վրա գցում։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։ 5Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի. նրա որդին հափշտակվեց Աստծու և նրա գահի մոտ։ 6Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն օր։
Միքայել հրեշտակապետի հաղթանակը վիշապի դեմ
7Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին։ Վիշապն ու իր հրեշտակները ևս պատերազմեցին, 8բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։ 9Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։ 10Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր.
«Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը,
զորությունն ու թագավորությունը,
իշխանությունը նրա Օծյալի,
որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը,
որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։
11Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով
ու իրենց վկայության խոսքով
և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։
12Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք
և նրանում բնակվողներ։
Վա՜յ երկրին ու ծովին,
որովհետև ձեզ մոտ իջավ դևը,
որ մեծ բարկություն ունի՝
իմանալով, որ քիչ ժամանակ ունի»։
Վիշապը և կինը
13Երբ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ ծնեց։ 14Եվ կնոջը արծվի երկու մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի՝ իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան՝ օձից հեռու։ 15Եվ օձն իր բերանից գետի պես ջուր թափեց կնոջ հետևից, որպեսզի նրան ընկղմի։ 16Բայց երկիրը կնոջն օգնեց. երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։ 17Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծու պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը։ 18Եվ նա կանգնեց ծովի ավազի վրա։

Արդեն Ընտրված.

Հայտնություն 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում