Հայտնություն 11:7-19

Հայտնություն 11:7-19 ՆՎԱԱ

Եվ երբ իրենց վկայությունը ավարտած կլինեն, նրանց հետ կպատերազմի անդունդից ելնող գազանը, կհաղթի նրանց և կսպանի նրանց։ Եվ նրանց դիակներն ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակում, որ այլաբանորեն Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ էլ խաչվեց նրանց Տերը։ Եվ ժողովուրդներից ու ցեղերից, լեզուներից ու ազգերից երեքուկես օր կտեսնեն նրանց դիակները և թույլ չեն տա, որ նրանց գերեզման դնեն։ Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան ու նրանց վրա կցնծան, միմյանց ընծաներ կուղարկեն, որովհետև այս երկու մարգարեները երկրի վրա բնակվողներին չարչարեցին»։ Եվ երեքուկես օր հետո Աստծուց կենաց հոգի մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան, ու նրանց տեսնողների վրա մեծ ահ ընկավ։ Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցին, որ նրանց ասում էր. «Այստե՛ղ բարձրացեք»։ Եվ ամպով երկինք բարձրացան, ու նրանց թշնամիները նայում էին նրանց։ Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, ու քաղաքի մեկ տասներորդ մասը կործանվեց։ Եվ երկրաշարժից յոթ հազար մարդ մեռավ, իսկ մնացածները մեծ ահով բռնվեցին ու երկնքի Աստծուն փառք տվեցին։ Երկրորդ վայն անցավ, և շուտով երրորդ վայն է գալու։ Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին. «Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն ու նրա Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։ Եվ քսանչորս երեցները, որ Աստծու առաջ նստած էին իրենց աթոռներին, ընկան իրենց երեսների վրա և երկրպագեցին Աստծուն՝ ասելով. «Գոհություն ենք հայտնում քեզ, Տե՛ր Աստված Ամենակալ, որ էիր և ես, որ քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր։ Ազգերը զայրացան, և վրա հասավ քո բարկությունը, ու ժամանակը՝ մեռելներին դատելու և վարձատրելու քո ծառաներին՝ մարգարեներին, սրբերին ու քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և կործանելու երկիրն ապականողներին»։ Եվ բացվեց Աստծու տաճարը երկնքում, և երևաց Ուխտի տապանակը իր տաճարում։ Եվ եղան փայլատակումներ, ձայներ ու որոտումներ, երկրաշարժ ու ուժեղ կարկուտ։