Հայտնություն 1:9-18

Հայտնություն 1:9-18 ՆՎԱԱ

Ես՝ Հովհաննեսս՝ ձեր եղբայրը, Հիսուսով ընկերակիցը նեղության, արքայության և համբերության, Աստծու խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար եղա Պատմոս կոչված կղզում։ Կիրակի օրը լցվեցի Հոգով և իմ հետևից փողի ձայնի պես մի բարձր ձայն լսեցի, որ ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և ուղարկի՛ր Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում գտնվող յոթ եկեղեցիներին»։ Ես շրջվեցի տեսնելու, թե ում ձայնն է ինձ հետ խոսում, և երբ շրջվեցի, յոթ ոսկե ճրագակալներ տեսա։ Իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ մարդու Որդուն նման մեկին՝ երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած։ Նրա գլուխը և մազերը սպիտակ էին, ինչպես բուրդը, և ճերմակ, ինչպես ձյունը, և նրա աչքերը կրակի բոցի պես էին։ Նրա ոտքերը նման էին հնոցի մեջ շիկացած պղնձի, իսկ նրա ձայնը՝ առատահոս ջրերի ձայնի։ Իր աջ ձեռքում յոթ աստղեր ուներ. նրա բերանից սրած երկսայրի սուր էր ելնում, իսկ նրա երեսը ճառագում էր, ինչպես արեգակն իր զորությամբ։ Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը և ողջը։ Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները։