ՍԱՂՄՈՍՆԵՐ 96:1-13

ՍԱՂՄՈՍՆԵՐ 96:1-13 ՆՎԱԱ

Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրոջը, ամբո՛ղջ երկիր։ Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։ Հեթանոսների մեջ պատմեցե՛ք նրա փառքը, նրա հրաշքները՝ բոլոր ազգերի մեջ։ Որովհետև Տերը մեծ է և անչափ օրհնված. նա ահավոր է բոլոր աստվածներից, Որովհետև ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Տերն արարել է երկինքը։ Փառք և մեծություն կա նրա առջև, զորություն և գեղեցկություն՝ նրա սրբության մեջ։ Տվե՛ք Տիրոջը, ո՛վ ազգերի ցեղեր, Տիրոջը փառք և զորությո՛ւն տվեք։ Տիրոջը տվե՛ք իր անվան փառքը, ընծա՛ բերեք և մտե՛ք նրա սրահները։ Սրբության վայելչությամբ երկրպագեցե՛ք Տիրոջը, վախեցե՛ք նրա երեսից, ո՛վ ամբողջ երկիր։ Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»։ Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա. ծովը թող գոռա իր լիությամբ, Դաշտն ուրախանա, և այն ամենը, ինչ կա նրա մեջ. թող ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առաջ, որը գալիս է, որպեսզի դատի երկիրը. նա աշխարհը պիտի դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ իր ճշմարտությամբ։