ՍԱՂՄՈՍՆԵՐ 86:1-17

ՍԱՂՄՈՍՆԵՐ 86:1-17 ՆՎԱԱ

Տե՛ր, խոնարհի՛ր քո ականջը և պատասխանի՛ր ինձ, որովհետև աղքատ եմ և խեղճ։ Պահի՛ր իմ անձը, որովհետև ես մաքուր եմ. փրկի՛ր, ո՛վ իմ Աստված, քո ծառային, որ հույսը քեզ վրա է դրել։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քեզ եմ կանչում ամեն օր։ Ուրախացրո՛ւ քո ծառայի անձը. քանզի դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ո՜վ Տեր. Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Ակա՛նջ դիր իմ աղոթքին, ո՜վ Տեր, և ո՛ւշք դարձրու իմ աղաչանքին։ Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։ Քեզ նմանը չկա աստվածների մեջ, Տե՛ր, և չկան քո գործերի պես գործեր։ Բոլոր ազգերը, որոնց դու ես արարել, պիտի գան և երկրպագեն քո առջև, Տե՛ր, և պիտի փառք տան քո անվանը։ Որովհետև դու մեծ ես և հրաշքներ ես գործում. միայն դու ես Աստված։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։ Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը։ Որովհետև մեծ է քո ողորմությունն իմ նկատմամբ, և դու փրկեցիր իմ անձը ստորին դժոխքից։ Ո՜վ Աստված, ամբարտավանները ոտքի ելան իմ դեմ, և բռնավորների ամբոխը փնտրում է իմ անձը, և քեզ իրենց առջև չեն դնում։ Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ։ Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ. քո զորությունը տո՛ւր քո ծառային և փրկի՛ր քո աղախնի որդուն։ Բարության նշա՛ն ցույց տուր ինձ, որ ինձ ատողները տեսնեն և ամաչեն, որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր ինձ։