ՍԱՂՄՈՍՆԵՐ 81

81
Տոնախմբության աղոթք
Երգողների գլխավորին։ Կիթթիթի վրա։ Ասափի (սաղմոս)։
1Ցնծացե՛ք Աստծու առջև, որ մեր զորությունն է. աղաղակե՛ք դեպի Հակոբի Աստվածը։
2Բարձրացրե՛ք երգը, տվե՛ք թմբուկը, քաղցր քնարը՝ սաղմոսարանի հետ։
3Փո՛ղ փչեցեք ամսագլխին, լրացած լուսնի ժամանակ՝ մեր տոնի օրը։
4Որովհետև սա հրաման է Իսրայելի համար և Հակոբի Աստծու համար՝ իրավունք։
5Վկայություն դրեց սա Հովսեփի մեջ, երբ նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դեմ. լսում էի լեզուն, որը չգիտեի։
6Նրա թիկունքը հեռացրի բեռից, և նրա ձեռքերը ազատվեցին քթոցից։
7Նեղության մեջ դու կանչեցիր, և քեզ փրկեցի. քեզ լսեցի որոտման ծածկոցում, փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ։ (Սելա)։
8Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և պիտի վկայեմ քեզ, ո՛վ Իսրայել. երանի թե լսեիր ինձ։
9Օտար աստված չլինի քո մեջ, և օտար աստծու երկրպագություն չանես։
10Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից. քո բերանը լայն բա՛ց արա, և ես պիտի լցնեմ այն։
11Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ։
12Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։
13Եթե իմ ժողովուրդն ինձ լսեր, և Իսրայելը գնար իմ ճանապարհի մեջ,
14Նրանց թշնամիներին շուտով պիտի խոնարհեցնեի և իմ ձեռքը պիտի դարձնեի նրանց նեղողների դեմ։
15Տիրոջն ատողները պիտի խոնարհվեին նրա առջև, և նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ։
16Նա պիտի կերակրեր նրան ընտիր ցորենով. և վեմից բխած մեղրով պիտի կշտացնեի քեզ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 81: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք