ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:1-8

ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:1-8 ՆՎԱԱ

Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ ժողովուրդ. խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։ Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ, Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։ Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։ Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։ Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։