ՍԱՂՄՈՍՆԵՐ 74

74
Ազգի փրկության համար աղոթք
Ասափի երգ։
1Ո՜վ Աստված, ինչո՞ւ ես մեզ բոլորովին մերժում. քո բարկությունը բորբոքվում է քո արոտի ոչխարների վրա։
2Հիշի՛ր քո ժողովրդին, որ ստացար սկզբից, փրկեցիր, որ քեզ համար ժառանգության վիճակ լինի, այս Սիոն լեռը, որտեղ բնակվում ես։
3Բարձրացրո՛ւ քո քայլերը մշտական ավերումների վրա. թշնամին ամեն ինչ ապականեց քո սրբարանում։
4Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մեջ. իրենց նշանները նշանների տեղ են դնում։
5Նա երևում է, ինչպես մի մարդ, որ կացինը բարձրացրել է անտառի ծառերի վրա։
6Եվ հիմա նրա քանդակակերտ բոլոր զարդարանքները կտրտեցին կացիններով և մուրճերով։
7Կրակ գցեցին քո սրբարանի մեջ, գետին տապալելով պղծեցին քո անվան բնակարանը։
8Իրենց սրտերում ասացին. «Սրանք բոլորը միասին եկեք կորցնենք». երկրի մեջ այրեցին Աստծու բոլոր ժողովարանները։
9Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարե չկա, և մեզ մոտ մեկը չկա, որ մեզ գիտենա. մինչև ե՞րբ։
10Ո՜վ Աստված, մինչև ե՞րբ է նախատելու նեղություն տվողը, մի՞թե թշնամին պիտի իսպառ անարգի քո անունը։
11Ինչո՞ւ ես ետ դարձնում ձեռքդ և աջդ. հանի՛ր քո ծոցից, կորցրո՛ւ նրանց։
12Բայց Աստված է իմ թագավորը սկզբից, որ փրկություններ արեց երկրի մեջ։
13Դու ծովը պատռեցիր քո զորությամբ, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մեջ։
14Դու ջարդեցիր լևիաթանի գլուխները. նրան կերակուր դարձրիր, անապատում տվեցիր ժողովրդին։
15Դու աղբյուրներ և առուներ բխեցրիր. դու ցամաքեցրիր սաստիկ գետերը։
16Քոնն է ցերեկը, քոնն է գիշերը. դու պատրաստեցիր լուսատուները և արեգակը։
17Դու հաստատեցիր երկրի բոլոր սահմանները. դու ստեղծեցիր ամառն ու ձմեռը։
18Հապա մտաբերի՛ր այս, որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը, և հիմար ազգը անարգում է քո անունը։
19Քո տատրակի անձը մի՛ մատնիր գազանին, քո աղքատների կյանքը մի՛ մոռացիր ընդմիշտ։
20Նայի՛ր քո ուխտին, որովհետև երկրի խավար տեղերը լցված են անօրենության բնակարաններով։
21Խեղճը թող հետ չդառնա ամոթով, խեղճն ու աղքատը թող օրհնեն քո անունը։
22Վե՛ր կաց, ո՜վ Աստված, արա՛ քո դատաստանը, հիշի՛ր այն նախատինքը, որ հիմարն ամեն օր տալիս է քեզ։
23Մի՛ մոռացիր քո թշնամիների ձայնը և քո դեմ ոտքի ելածների խռովությունը, որ բարձրանում է ամեն ժամանակ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 74: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում