ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:1-17

ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:1-17 ՆՎԱԱ

Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ ապավինել. փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ, Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։ Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, եթե այս վատ բանն եմ արել, եթե անիրավություն կա իմ ձեռքերի մեջ, Եթե չար եմ հատուցել ինձ հետ խաղաղ եղածին, եթե կողոպտել եմ զուր տեղն ինձ նեղացնողին, Ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։ Վե՛ր կաց, ո՜վ Տեր, քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար. դու սահմանեցիր իրավունքը։ Ազգերի ժողովը թող շրջապատի քեզ, և նրանց վրա իշխի՛ր բարձունքներից։ Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ անմեղության համեմատ, որ կա ինձանում։ Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։ Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։ Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա. Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել, Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։ Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։ Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։ Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։