ՍԱՂՄՈՍՆԵՐ 7

7
Աղոթք արդարության համար
Խոստովանություն Դավթի, որ երգեց Տիրոջը՝ Բենիամինի որդի Քուշի խոսքերի համար։
1Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ ապավինել. փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ,
2Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։
3Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, եթե այս վատ բանն եմ արել, եթե անիրավություն կա իմ ձեռքերի մեջ,
4Եթե չար եմ հատուցել ինձ հետ խաղաղ եղածին, եթե կողոպտել եմ զուր տեղն ինձ նեղացնողին,
5 Ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։
6Վե՛ր կաց, ո՜վ Տեր, քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար. դու սահմանեցիր իրավունքը։
7Ազգերի ժողովը թող շրջապատի քեզ, և նրանց վրա իշխի՛ր բարձունքներից։
8Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ անմեղության համեմատ, որ կա ինձանում։
9Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։
10Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։
11Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա.
12Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել,
13Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։
14Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։
15Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։
16Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։
17Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 7: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք