ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:1-12

ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:1-12 ՆՎԱԱ

Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։ Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։ Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։ Հիրավի, խորհուրդ են անում, որ նրան ցած գցեն իր բարձրությունից. հավանում են ստությունը, իրենց բերանով օրհնում են, բայց անիծում են իրենց սրտի մեջ։ (Սելա)։ Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։ Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։ Աստծու մոտ են իմ փրկությունը և փառքը. իմ զորության վեմը և իմ ապավենը Աստծու մոտ են։ Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։ Հիրավի, հասարակ մարդիկ ունայն են, և մեծամեծ մարդիկ՝ սուտ. երբ դրվեն կշեռքի վրա, նրանք ավելի թեթև պիտի լինեն ամեն ունայնությունից։ Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։ Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։ Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։