ՍԱՂՄՈՍՆԵՐ 59
59
Ապահովության աղոթք
Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Դավթի երգ. երբ Սավուղը մարդիկ ուղարկեց, և նրա տունը պաշարեցին, որ նրան սպանեն։
1Փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, Աստվա՛ծ իմ, ապրեցրո՛ւ ինձ նրանցից, որ կանգնել են իմ դեմ։
2Փրկի՛ր ինձ անօրենություն գործողներից և արյունահեղ մարդկանցից ազատի՛ր ինձ.
3Որովհետև ահա թաքուն սպասում են, որ բռնեն ինձ. զորեղները հավաքվում են իմ դեմ, բայց ես ո՛չ անօրենություն եմ գործել և ո՛չ էլ մեղք, ո՜վ Տեր։
4Անօրենություն չեմ գործել, բայց վազում են ինձ վրա և պատրաստվում. զարթնի՛ր, որ առջևս գաս, և տե՛ս։
5Իսկ դու, ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, Իսրայելի՛ Աստված, վե՛ր կաց, որ այցելես բոլոր հեթանոսներին. և մի՛ ողորմիր ոչ մեկի, որ անօրենություն է գործում։ (Սելա)։
6Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում են քաղաքում։
7Ահա վայրահաչ խոսում են իրենց բերանով. սրեր կան նրանց շրթունքների մեջ, որովհետև ասում են. «Ո՞վ պիտի լսի»։
8Բայց դու, Տե՛ր, պիտի ծիծաղես նրանց վրա և պիտի ծաղրես այդ բոլոր հեթանոսներին։
9Ո՛վ իմ զորություն, ես քեզ եմ նայում, որովհետև Աստված է իմ ապավենը։
10Իմ ողորմության Աստվածը կդիմավորի ինձ. Աստված ինձ ուրախությամբ նայել կտա իմ թշնամիների վրա։
11Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա. ցիր ու ցա՛ն արա նրանց քո զորությամբ և ցա՛ծ գցիր նրանց, ո՜վ Տեր՝ մեր վահանը։
12Թող նրանք բռնվեն իրենց ամբարտավանության մեջ՝ իրենց բերանի մեղքերի համար և իրենց շրթունքների խոսքերի համար և այն անեծքի ու սուտ խոսքերի համար, որ պատմում են։
13Բարկությամբ սատկեցրո՛ւ նրանց, սատկեցրո՛ւ, որ չքանան և գիտենան, որ Աստված տիրում է Հակոբի երկրին՝ մինչև նրա ծայրերը։
14Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում քաղաքում։
15Նրանք թափառում են ուտելու համար. և եթե չեն կշտանում, տրտնջում են։
16Բայց ես պիտի օրհնեմ քո զորությունը և առավոտից պիտի փառաբանեմ քո ողորմությունը, որովհետև դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը։
17Ո՛վ իմ զորություն, քեզ սաղմոս պիտի երգեմ, որովհետև, ո՜վ Աստված, դու ես իմ պահապանը և իմ ողորմության Աստվածը։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 59: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018