ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:1-23

ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:1-23 ՆՎԱԱ

Աստվածների Աստվածը՝ Տերը, խոսում է և կանչում է երկրին՝ արևելքից մինչև արևմուտք։ Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։ Մեր Աստվածը կգա և լուռ չի մնա. նրա առջև ոչնչացնող կրակ կա, և նրա չորս կողմը՝ սաստիկ մրրիկ։ Նա վերևից կկանչի երկնքին և այս երկրին՝ իր ժողովրդին դատելու։ «Իմ սրբերին հավաքեցե՛ք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ»։ Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև Աստված դատավոր է։ (Սելա)։ «Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կխոսեմ. և ես վկայություն կտամ քեզ, ո՛վ Իսրայել, որ ես եմ Աստվածը, քո Աստվածը։ Քեզ չեմ հանդիմանում քո ընծաների համար, և քո ողջակեզները միշտ իմ առջև են։ Քո տնից արջառ չեմ վերցնում և ոչ էլ այծեր՝ քո փարախներից։ Որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։ Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առջև են։ Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։ Մի՞թե ես ցլերի միս կուտեմ և այծերի արյուն կխմեմ։ Գոհության ընծա՛ մատուցիր Աստծուն և կատարի՛ր քո ուխտերը Բարձրյալի առջև։ Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։ Բայց Աստված ամբարիշտին ասում է. «Քեզ ի՞նչ, որ դու պատմում ես իմ հրամանները և իմ ուխտը բերանդ ես առնում, Որովհետև ատում ես խրատը և իմ խոսքը ականջիդ հետևն ես գցում։ Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ, և քո բաժինը շնացողների հետ է։ Բերանդ չարության ես տալիս, և լեզուդ նենգություն է հնարում։ Նստում ես և հակառակ ես խոսում եղբորդ դեմ. բամբասանքներ ես բարդում քո մոր որդու վրա։ Այս բաներն արեցիր, և ես լուռ մնացի. կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանելու եմ քեզ և քո արածը դնելու եմ քո աչքի առաջ։ Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։ Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։