ՍԱՂՄՈՍՆԵՐ 50
50
Ճշմարիտ պաշտամունք
Ասափի սաղմոս։
1Աստվածների Աստվածը՝ Տերը, խոսում է և կանչում է երկրին՝ արևելքից մինչև արևմուտք։
2Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։
3Մեր Աստվածը կգա և լուռ չի մնա. նրա առջև ոչնչացնող կրակ կա, և նրա չորս կողմը՝ սաստիկ մրրիկ։
4Նա վերևից կկանչի երկնքին և այս երկրին՝ իր ժողովրդին դատելու։
5«Իմ սրբերին հավաքեցե՛ք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ»։
6Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև Աստված դատավոր է։ (Սելա)։
7«Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կխոսեմ. և ես վկայություն կտամ քեզ, ո՛վ Իսրայել, որ ես եմ Աստվածը, քո Աստվածը։
8Քեզ չեմ հանդիմանում քո ընծաների համար, և քո ողջակեզները միշտ իմ առջև են։
9Քո տնից արջառ չեմ վերցնում և ոչ էլ այծեր՝ քո փարախներից։
10Որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։
11Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առջև են։
12Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։
13Մի՞թե ես ցլերի միս կուտեմ և այծերի արյուն կխմեմ։
14Գոհության ընծա՛ մատուցիր Աստծուն և կատարի՛ր քո ուխտերը Բարձրյալի առջև։
15Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։
16Բայց Աստված ամբարիշտին ասում է. «Քեզ ի՞նչ, որ դու պատմում ես իմ հրամանները և իմ ուխտը բերանդ ես առնում,
17Որովհետև ատում ես խրատը և իմ խոսքը ականջիդ հետևն ես գցում։
18Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ, և քո բաժինը շնացողների հետ է։
19Բերանդ չարության ես տալիս, և լեզուդ նենգություն է հնարում։
20Նստում ես և հակառակ ես խոսում եղբորդ դեմ. բամբասանքներ ես բարդում քո մոր որդու վրա։
21Այս բաներն արեցիր, և ես լուռ մնացի. կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանելու եմ քեզ և քո արածը դնելու եմ քո աչքի առաջ։
22Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։
23Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 50: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018