ՍԱՂՄՈՍՆԵՐ 48:1-14

ՍԱՂՄՈՍՆԵՐ 48:1-14 ՆՎԱԱ

Մեծ է Տերը և խիստ օրհնյալ մեր Աստծու քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա։ Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։ Աստված ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։ Որովհետև ահա հավաքվեցին թագավորները. եկան ու անցան իրար հետ։ Նրանք տեսան և զարմացան, խուճապի մատնվեցին և շուտով փախան։ Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։ Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։ Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված հաստատում է այն մինչև հավիտյան։ (Սելա)։ Ո՜վ Աստված, մենք քո ողորմության մասին ենք մտածում քո տաճարի մեջ։ Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։ Թող ուրախ լինի Սիոն լեռը, և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստանների համար։ Գնացե՛ք Սիոնի չորս կողմով, պտտվե՛ք նրա շուրջը և հաշվեցե՛ք նրա աշտարակները։ Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է, Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։