ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:1-40

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:1-40 ՆՎԱԱ

Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին, Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։ Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։ Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։ Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։ Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։ Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։ Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես, Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։ Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։ Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։ Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։ Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։ Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։ Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։ Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։ Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։ Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։ Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։ Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։ Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։ Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։ Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։ Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։ Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։ Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։ Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։ Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։ Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։ Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։ Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։ Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։ Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։ Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։ Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։ Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։ Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։ Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։ Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։ Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:1-40 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր