ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:1-11

ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:1-11 ՆՎԱԱ

Երանի՜ նրան, ում անօրենությունը թողություն գտավ, և ում մեղքը ծածկվեց։ Երանի՜ այն մարդուն, որին Տերն անօրեն չի համարում, և նենգություն չկա նրա հոգու մեջ։ Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց, Որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։ Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ (Սելա)։ Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։ Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։ Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։ Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։